lunes, 4 de mayo de 2015

HASMIK SIMONIAN [15.852] Poeta de Armenia



Hasmik Simonian 

(Armenia, Erevan, 1987).  En el año  2003 publicó el libro de poesía ''Palabras lunáticas" y en el 2010 "Los cuartos revueltos". Recibió distintos premios literarios armenios en los años 2005, 2006 y en 2010. Publicó su poesía en periódicos, y en las revistas impresas  y digitales Garun, Grakan tert, Narciso y otras. Es miembro de la Unión de Escritores de Armenia.




UN DÍA

un día
cuando no limpien mis palabras con sus labios sucios
cuando sea grande
cuando sea adolescente
y prácticamente no nacida


un día
abriré la puerta
entraré
pondré la tetera para que hierva
pondré mi taza sobre la mesa
pondré mucha hierba de té y poca agua
me sentaré y escribiré
sobre su maldita tribu
insultaré sus viejos tabúes
algo así como: las mujeres que fuman
son inmorales
escupiré sobre Ustedes
y en lugar del cigarrillo inhalaré cerilla
y el mal sabor me producirá vómitos
y de veras me sentiré inmoral
ya que al escribir
fumar es condición obligatoria,
las palabras sobrantes
se apagan en el cenicero
y en el cuerpo sano de tus versos
aparecen solo palabras sanas de alma fuerte
esbeltas como una linda mujer
y ágiles
como el humo
que las sofoca.


un día, cuando escriba y destruya
cuando escriba y destruya
impotente a causa de su impotencia
escupa sobre mí porque de mí han nacido
entraré de nuevo al útero
y ovillaré el cordón umbilical sobre mi cuello,
cuando el mundo cambie lo suficiente
yo prometo nacer


un día,
cuando mis platos estén lavados
mi té bebido
y el último escarbadientes masticado y roto.

(Traducción: Alice Ter- Ghevondian
Versión poética: Ana Arzoumanian)



de ''Palabras lunáticas"


ԾՈՎԱԳՈՒՅՆ ՄԻ ԱՐԵՎ ԱՅՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երբ կիսատված են մայրամուտները,
ու ծովագույն են ճայերը փոքրիկ պատուհանիդ մոտ…,
երբ քո թափանցիկ, մի քիչ երկնագույն
այն վարագույրին ասեղնագործ
ծովաստղիկները հիշեցնում են քեզ…,
երբ վազվզում եմ ինչ-որ կիսամութ քարանձավներում,
ուր մամռակալած աստիճանները 
տանում են ինչ-որ փակ դռների մոտ,
որտեղ պատերը հիշողությունն են լուսանկարի…,
օվկիանը հանկարծ փորձում է խոսել
ինձ ու քեզ ծանոթ նկարի միջից…
իսկ շրջանակը, որ կոչվում էր սեր,
լուսանկարի աղջկա համար մի մայրամուտ էր,
այն էլ` կիսատված…

Երբ հիշում եմ քեզ,
օվկիանը լոկ խորանարդիկ է,
այն էլ` խաղալիք…
երբ հիշում եմ քեզ…

-Դու ինձ հիշում ես,
չէ որ մենք ունենք միայն մի անուն…
Ավազահատիկ…


*
Երբ անվստահ են 
գույների միջից ծնված աչքերը…
երբ անավարտ է դիմանկարը…
երբ նկարիչը շրջում է զվարթ 
ներկապնակը… ու մերկանում են 
դիմագծերը…
կակտուսի ճյուղը` վաղուց չորացած,
կարող է հանկարծ ծաղկել ու լացել,
փողոցը հանկարծ
կարող է պատմել խանութի մասին
և աղջիկների,
օրը պարզապես կարող է շնչել,
ձմռան երեկոն կարող է հանգիստ
բանջարեղենի խանութից գնել
հինգ կիլո գարուն կամ էլ ոչ մի բան:
Երբ անվստահ են շնչում աչքերը,
ու երբ կակտուսի չորացած ճյուղը
բուրում է հանկարծ երկչոտ համբույրով…
Եվ օրը կարող է ժպտալ հիացած`
առանց փողոցի ծանոթ զույգերի,
առանց խանութից գնված գարունի ու հայացքների:
Երբ անվստահ է շնչում ապակին,
ու լուսամուտը կարոտում է քեզ,
ինչ-որ մեկը դես սպասում է ինձ,
ինչ-որ մեկը դես սպասում է քեզ…


*
Երբ կարմիր ու դեղին երկու ստվերներ
կիջնեն թաց-կապույտ քո վարագույրից`
իբրև տեսիլներ` թափանցիկ ու մերկ…
…ճերմակ երեկո…

…լուսնի շուրթերից կսահեն բառեր`
Իբրև տեսիլներ` թափանցիկ ու մերկ, 
թափանցիկ ու մերկ,
կարմիր ու դեղին երկու ստվերներ հանկարծ կմրսեն…

ու դաշնամուրի սպիտակ ու սև թելերի միջից,
ստեղներից բարակ կսահի մի ձեռք,
ու կգլորվի գունատ այտերից երեկոն թախծոտ,
թափանցիկ ու մերկ,
գույների տխուր մազերից անձրև…
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ`
թրջված այտերից կկաթեն բառեր…
ծրարված գարնան աչքերի նման…
աղոթքի նման կփակվեն դանդաղ…
թափանցիկ ու մերկ…
…թախծոտ երեկո…

…իսկ հետո երկու կարմիր ու դեղին ստվերներ կիջնեն
գիշերվա ճերմակ, թափանցիկ ուսից…
ու առավոտվա թելերից կախված
բարակ ստեղներից կիջնի ճերմակած հայացքը լուսնի…
կիսատ մի կարմիր օտար շուրթերից 
բառեր քեզ կասի, անծանոթ բառեր,
թաց-կապույտ մոմի փակված աչքերից
խոսքեր կծորան սպիտակ ու սև, բարակ ստեղներին…

…և ուշաթափված քամին կճչա…
իսկ հետո ինչ-որ ձեռքեր կսահեն
դատարկ սեղանի և նմանատիպ բառերի վրա…

…իսկ ավելի ուշ` կարմիր ու դեղին երկու ստվերներ`
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ,
կծորան անտես աչքերի միջից`
իբրև արցունքներ` թափանցիկ ու մերկ,
թափանցիկ ու մերկ…
…ճերմակ երեկո…


*
Երբ գիշերվա խառնաշփոթը արթնանում է
միայն կեսօրին` 
շնչելու մայրամուտով հագեցած տառերը,
ես վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից…

…և դու գրում էիր քեզ, թե կանաչ աչքերով 
լապտերիկը հիշեցնում է միայն
սիրահարված աշնան կիսահաս խաղողից 
պոկված երկու թաց գիշերների,
հեռացար հիշողությունից, որն արևից 
տաքացած կրիայի նման
հաճույքով լիզում էր կանաչ լույսը…
հետո փշրեցիր հայելին, որն ամեն ինչ
կիսատ էր ցույց տալիս:
Փշուրներից ամենահամարձակը 
փորձեց քեզ համբուրել,
իսկ դու սուրճի երկու կանաչ հատիկի հետ միասին
նրան փակեցիր կոտրված դռնակով վանդակում.
ուզում էիր թռչել սովորեն:

Լուսամուտից շպրտվող տիկնիկները, որ 
խելագարվում էին,
պոկվեցին կաթնագույն ստվերներից
ու հիմա անհետանում են աչքերի լարված գծերում…
…անհետացող մարդկանց նման, որոնք
սկսում են արտասվել…
…տերևաթափ է լինում քաղաքում,
մարդկանց տերևաթափ ու ստվերների…

…իսկ սենյակում պտտվում են թրջված լապտերիկները,
փշրվում է աչքերը արցունքոտելու չափ
ժպտացող ապակին…
պայթյուները երկուսն էին` ինքը, ես, 
մենք…
լռում են բոլորը` տիկնիկները, մենք, բառերը…
և լռությունը` կիսաբաց աչքերով, ու 
անփույթ հագնված, խառնված մազերով
գիշերը, որ արթնացավ կեսօրին,
շնչում է սպասումի խոնավ շուրթերը…

իսկ ես…
վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ 
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից…
…դու գրում էիր քեզ, 
հետո որոշեցիր թռչել սովորել և 
նստեցիր կոտրված դռնակով վանդակի մեջ,
որտեղ հայելու մի փշուր ամեն ինչ
կիսատ է ցույց տալիս,
անգամ սուրճի երկու հատիկներից մեկը…


*
Երբ ուզում ես մի քիչ գժվել,
ու երբ ամեն ինչ չափից դուրս լուռ է,
փշրիր հայելիները, փշրիր,
թող ճչա սիրահարված գնացքը,
թող պայթի խելագարված ապակու սիրտը,
թող ներվաթելը դողա ցավազրկված հաճույքից,
մինչև որ կարմիր բծերով մի զատիկ
կանգնի փողոցի խաչմերուկում ու 
զարմացած հորանջի…
…խուլ ու համր մի զատիկ…
թող, թող, թող…
…սևացած կոպերից թող պոկվի ցավը
ու փշուր-փշուր լինի ապակու նման,
շրջանակները թող սեղմեն իրենք իրենց մարմինները
վաճառված դրամի նման…
թող, թող, մինչև որ արցունքը սահի այտից…
…արդուկված մի երկինք
թող խաղա ինքնասպանի իր դերը
մայրամուտի արյան կրակների օվկիանում…
թող ներարկեն թափանցիկ հրայրքը
սև ու սպիտակի գունավոր մարմնում…
երակները թող ուռչեն պայթելու չափ
ծխախոտի հետ պարելու ցանկությունից…
…պատառոտված վարագույրը թող մերկանա,
ու թող, թող, թող,
մինչև որ լուսնոտ ուրվականները
քայլեն փշրված հաճույքի միջով,
մինչև բորբոքվի խենթ գինարբուքից ծնված գիշերը…
…ու կատաղի, ու բորբոքված հնչյունները
Խելագարված արյան փոխարեն թող պարեն…
թող, թող, թող,
մինչև որ արյունը զառանցանքի պես
կախվի սարսափի չռված բիբերից…
մինչև մեղավոր ու անմեղ կիրքը
կասկածի հևքով շշունջներ փնտրի,
մինչև որ նիրհող թմրանյութերը
թմրամոլ կնոջ աչքերից հոսեն
անարժեք ցավի հիվանդոտ խանդով և անբուժելի…
…թող, մինչև անձրևը
սև ու սպիտակի գունավոր մարմնով
լռություն ներարկի…
կարմիր բծերով զատիկի համար…


ԿԱՊՈՒՅՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԹԵԼԵՐՆ ԵՆ ՎԱՂՎԱ

Գույներ էր ստեղծում խոսուն կապույտից
մի փոքրիկ աղջիկ` նայելով միայն
շագանակագույն աչքերով մեկին…
Համառոտագրիր երկինքն ինձ համար,
խնդրում եմ, այսօր, երբ արշալույսի 
վարդայտ հետքը դեռ չի դարձել ստվեր
օրվա վերնագրում` կրկնված այդքան ու մի քիչ դաժան…
Համառոտագրիր երկինքն ինձ համար,
երբ կոպերի տակ լուսնոտ մի երազ
արևացայտ է փնտրում արցունքոտ…
քո այդ խելագար, թրջված ափերով
երկինքն ինձ համար համառոտագրիր…
…խնդրում եմ, այսօր, երբ այդքան տխուր
Երգը լուսանցիկ օրորոցի մեջ
իմ վաղվա օրվա ճիչն է նորածին,
որ պիտի ծնվի ու դառնա երկինք…
…անմեղությունը փողկապն է օրվա
ու ժապավենը թիթեռնիկների…
Խնդրում եմ, այսօր… համառոտագրիր
Երկինքն ինձ համար…
…վաղը չեմ լինի…


*
Երկնքից պոկված ստվերները վարդայտ
լուսաբացներ հորինում սիրո…
Ու ես սիրում էի…

Ալիքների թաց վարսերը կապույտ
սահում են հանկարծ ինչ-որ թափանցիկ
փրփուր մատների անզգույշ արանքից,
ու փիրուզագույն ջրի թելերից
կախված սեթևեթ, գունավոր քամին
շշնջում է նուրբ աղջկա մասին,
որ մայրամուտին խատուտիկներից արև նկարեց
փոքրիկ խեցու մեջ, որն այդ երեկո, չգիտես ինչու, 
բուրում էր ծանոթ օծանելիքի խորամանկ բույրով,
որ թաքնվել էր ալիքների մեջ…

…ու ես սիրում էի…
…ու երկնագույն էր ծովի մեղեդին…
…ու թաց կապույտ էր լուսացայտը մերկ,
որ մոռացվել էր օրվա չընթերցված նամակի նման…
…իսկ ես սիրում էի…


*
Ճերմակ լռության սփոփանքի մեջ
արշալույսներ է հագնում մի երկինք,
որ մթության մեջ դեգերում էր և
ծրարվում հանկարծ նամակի նման,
որի տողերին քնել էր մի սեր,
սեր, որ ծնվել էր անձրևից առաջ
ու մի քիչ ննջել անձրևից հետո…

Անձրևից առաջ գունատ փողոցով մի տարօրինակ տղա էր վազել
ու շշնջացել ծաղկավաճառին` մտքում գոռալով.
- Ինձ անձրև է պետք…
խնդրում եմ, տվեք մի փունջ թարմ անձրև…
Ծաղկավաճառը տվել էր նրան մի փունջ քմծիծաղ`
արհամարհանքի ժապավեններով:

…անձրևից առաջ, անձրևից հետո…

Ծաղկավաճառը ծնվել էր երեկ` անձրևից հետո,
երբ ինչ-որ կաթիլ հասկացել էր, որ
ուզում է շնչել մի քիչ թրջված օդ,
խոսել այդ մի քիչ թրջված բառերով,
որ կաթիլի պես տարիներ առաջ
արցունք էր դարձել ծանոթ տողի մեջ`
համբուրելով թաց շուրթերը բառի…

Անձրևից առաջ կաթիլի պես նուրբ մի ծաղկավաճառ
նամակ ստացավ` ջնջված անունով…
…ու ամեն անգամ անձրևից առաջ
մի տարօրինակ տղա էր գալիս ու խնդրում անձրև…
…և դանդաղ հալվող աղմուկի միջից 
վերջալույսների փողկապ էր կապում մի երիտասարդ` 
Երկինք անունով,
որը քիչ առաջ հայելու դիմաց
շշնջացել էր ծանոթ մեկի պես.
- Գիտես ինչ, փոքրիկ, երբ դու ծնվեցիր, անձրև էր գալիս… 


ԿԻՍԱՏ ԳՈՒՅՆԵՐԻՑ

Ծորում է կամաց լուսացայտը մերկ
շուրթերից նռան` հրաչյա ու տաք,
իսկ կեռմանների ջրապտույտում
հորիզոններն են արթնանում քնից…
Դեռատի մութը լուսնոտի նման
խարխափում է դեռ մատնահետքերում,
որ նարնջագույն կեղծամն է օրվա`
օրվա շփոթվող շշուկների մեջ…
Լուսնամակույկի ափերում կիսատ
Ջրաշուշան է փնտրում մի ամպիկ,
որ մոլորվել է աստղաբույլերի
անկեղծ խոսքերի կեղծ ժապավենում.
արևափոշուց մի պտղունց լուսին
սահում է ինչպես երազի պես տաք
կարոտը` ներկած կիսատ գույներով…
հորիզոնները վազում են իմ մեջ
ու արցունքի պես կախվում աչքերից…
Հալված ստվերներից հոգնել եմ արդեն,
որ յուրաքանչյուր այգաբացի հետ
աղոթքի նման ծորում են կամաց
շուրթերից նռան`
հրաչյա ու տաք…


ԶԱՐՄԱՑԱԾ ՓՈՂԿԱՊՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Կախում եմ դատարկ շրջանակը անավարտ օրվա պատից
ու վերջին վրձնահարվածը իջեցնում
մանկական վերնաշապիկների օրորվող լռությանը…

երկնքի ներկապնակից կաթկթող գույները
շուրթերից պոկված մատնահետքերի նման
մի վերջին անգամ ասում են` գնա…

…ու թրջված թարթիչներից ծորում է անձրևը…
…ու կիսահաս մի մանկություն իջնում է ջրհորդաններով…
…ու զարմանալիորեն մարդիկ վայելում են այդ անձրևը անվճար…

իսկ հետո ինչ-որ մեկը փողոցներն ու ցուցափեղկերը 
ներկում է անձրևի գունավոր բույրով…
Ու հարսնացուի զգեստով ոտաբաց մուրացիկը
փշրում է կեղծ օծանելիքների ցիրուցան եղած չակերտները…
Սիրահար ծեր զույգը 
որդեգրում է անականջ մոռացված արջուկին…

Մի փոքրիկ տղա, որ անձրև էր հավաքում
գարեջրի կիսադատարկ շշի մեջ,
խոհանոցում գտնում է թոքերից անվերջ բողոքող մի ծխախոտ
և առաջարկում կոնֆետ…
Եվ քիչ առաջ ծնված մրջյունը հորանջում է
և մատնացույց անում դպրոց շտապող 
առաջին դասարանցի Ժամանակին,
որ մոռացել էր սանրել մազերը…

…իսկ հետո ինչ-որ մեկը հանգցնում է մոմը,
ու գիշերային ակումբների գունատ կոպերի տակից 
հոսում է լռությունը լուսնի մարմնով…

ու ռետինով գրված նամակը
հայտնվում է ապագայի անձնագիրը կորցրած
գրատախտակի գրպանում…

…ու կիսախավար գետնուղին սկսում է կետադրել
հարբած գնացքների թրջված ոտնահետքերը…
…ու ճչում է պատառոտված իրականությունը,
և նյարդաթելերից կախված կիսախելագար նուռը
ժպտում է երկունքից հոգնած մոր պես…

Մթության մեջ` ծովափին, պարում է դաշնամուրը…
Ու հոգեբույժը զննում է հերթական 
սուրճի բաժակի`
սեղանին թողած համբույրի կլոր հետքը,
ու մի վերջին անգամ անավարտ օրվա 
պատից կախում դատարկ շրջանակը,
որ գրեթե մերկ էր գունային սիմֆոնիայից
և որի պրոֆիլը հոսում էր ժամանակի երակներով…

*
Լույս… ես պաշտում եմ քեզ,
դու շոյում ես առավոտվա
երկնքի պես մաքուր
արտացոլանքը գիշերների…
…դու սահում ես դեմքերի
թաքնված գծերից…
չերևացող սարսուռ ես,
ու ծովագույն շապիկս`
քո աչքերում ծփող,
ճերմակ խուտուտ է
տաք մահճակալի ծիծաղների մեջ…

ու ամեն անգամ դու հեռանում ես
թրջված ոտքերով…
արթնացած իմ լուսնոտ,
դու դեռ փնտրում ես
գիշերվա թելերում խճճված քո ուղին,
իսկ ես կանգնել եմ իմ թաց շապիկով
գիշերվա հատակին,
ու ափերիս մեջ սեղմված գծեր կան`
քո բոբիկ երազից…

դու փափուկ ստվեր ես,
սևամորթ իմ լույս,
ու ես պաշտում եմ
քո բույրը ճերմակ…
լույս… չհեռանաս,
ես քո թիթեռն եմ…

*
դեղին ծաղիկներ,
դուք դեղին փոքրիկ թիթեռներ էիք,
որ պտտվում էիք չորացած սոսնձի
թափանցիկ թևերով.
ձեր թաց շրշյունը սարսռում էր մատներին,
ձեր քամին բուրում էր մերկությամբ արևի,
իսկ այստեղ փողոցն է`
խև գրիչով գծված
սուրճի շրջված բաժակ…
խաղաթղթերի տնակների մեջ
դեղին ստվերներ եք ու 
վախենում եք, երբ թպրտում է
սոսնձված սիրտը թղթե թակոցից…

դեղին ծաղիկներ,
դուք դեղին փոքրիկ ծաղիկներ էիք
ու լույսի շուրթին կծկված բառեր,
ու դուք մրսում եք մենակությունից,
երբ թիթեռները ծաղիկների պես
ապրում են երկար
թելերի դեղին հայացքների մեջ…
դեղին ծաղիկներ…


ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ

…քաղաքը, որ արթնանում էր ծափերից,
հագնում էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկը,
ու հեռանում` 
թողնելով լվացարանից դատարկության պես կառչած մարմինը…

…և դռների, 
ատամները ցավից սեղմած դռների միջից 
կատվախոտի պես քնքշացած
մի կատու պարում է…

թռչունը, որ երգելու էր մի ուրիշ առավոտվա մասին, 
հեռանում է` 
թողնելով սեղանին թեյի բաժակը…
մերկ ու թափթփված անկողինը
իմ փոխարեն մրսում է մենակությունից…

ցնցուղից իջնող անձրևը ջղաձգվում է ձեռքերի մեջ. 
ես գունավոր սրբիչով 
թրջում էի հայելու կոպերը…
…թափանցիկ պղպջակների մեջ փետուրներ էին ընկնում…

…և թեյի բաժակը, որ հիշեցնում էր թռչունի ու առավոտվա մասին,
փշրվում է մտքում.
կատվի պարող ստվերը 
դանդաղ ու շատ զգույշ մոտենում էր. 
հուզմունքից հայելին փակեց աչքերը 
ու շշնջաց իր սիրո մասին,
իսկ կատուն այնպես անգթորեն քրքջաց,
որ ես ծափահարեցի 
ու 
քաղաքը արթնացավ`
աչքերում անկողինների սրթսրթացող ու չհարդարված մենակությունը,
անձրևը, 
որ պոկում էր կարոտի կախված շուրթերից օրացույցի էջերը 
ու պատմում թռչունի մասին և առավոտվա,
երբ թեյի բաժակում մենակությունը 
մի ստվեր էր փնտրում,
որ հագել էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկն ու հեռացել`
դռների ետևում մոռանալով ինքն իրեն ու կատվին, 
որ ծիծաղում ու պարում էր`
ի նշան սիրո ու քնքշության հասցնող
կատվախոտի կոճակների…


*
Օրերը պտտվում են 
մանկության գլխարկներով
ու նրանց ստվերները
ապրում են ժամացույցներում,
որտեղ թիկ-թակները 
վերստեղծվում են մարդկանց
հրաշալի աչքերում…

Ծերերը մոռացել են աղոթքը
գիշերվա սապատում,

…ու գոլորշիացած ժամանակը
ստեղծելու է քեզ
առանց նախազգուշացնելու…

Կատվի կիսափակ աչքերում
փողոցում կանգնած
տիկնիկներն իր կանաչ քույրերին են հիշեցնում,
որ չծնված անուններով
մանուկների խաղերի պես
վերստեղծում են
մանկության ստվերներին…
պատից կախված ժամացույցների պես
նրանք կառչում են մոռացումի եզրից
ու պտտվում
կանաչ խաղերով…

Գիշերը շատ դանդաղ է օրորվում,
ու բոլորի կողքին շնչող 
թափանցիկ քաղաքը
աղոթում է բաց պատուհանի առաջ
լավագույն օրերի գլխարկների համար
ու թիկ-թակների, որ պիտի ծնվեն…


*
Կանաչ մթության վայրի փաղաքշանքով 
լցված աչքերում
փոքրիկ ու սև կատուները
թիթեռնիկների նման պտտվում են օդում…
կարմիր թևիկներով անհանգստությունը
մայրամուտի գոգնոցին է թափում
կանեփի բույրը, որի ճանկերում 
փոքրիկ ու սև կատուներն են թռչում…
ու սրճագույն մարմնով մի աղջիկ
պարում է 
թափանցիկ քաղաքի մեղավոր հայացքում…
խայտաբղետ շրջազգեստներից
խեղդված օդում ականջօղերի նման 
կախվում է ծիծաղը, ու 
թափանցիկ կիրքը` սրճագույն մարմնով,
փաղաքշում է կանաչ մթության 
կարմիր թևիկները…
…մայյրամուտին կանեփի բույրից գրգռված
փոքրիկ ու սև կատուներին թվում էր, թե
օդում պարող թիթեռնիկները գնչուհու
սրճագույն աչքերից են պոկվել,
իսկ մայրամուտը` կանեփի բույրով,
զնգուն ծիծաղի թափանցիկ կիրք էր
քաղաքից հեռացող երջանկության համար…

*
Թող պարի ճերմակ երջանկությունը
ամենավերջին գրքի էջի հետ,
որ զգեստափոխված կարոտի նման
մեկ-մեկ թակում էր դուռը դարակիս…
լուսնի կիսատված շողերի միջից մի ուրվագծված
ինչ-որ կիսադեմ
թափանցիկ, երկար գավաթների մեջ
նռան հատիկ էր բաժանում… կարծես…
…արնոտ ափերից, հոգնած աչքերով…
տանձենու կարմիր տերևի տակից ինչ-որ ծղրիդ է
արծաթահնչուն ժապավեններով
նկարից իջնում…
…ու վարագույրի թարթիչների տակ ձգվեց երեկոն…
…փողոցի նման աղմկոտ, բարի…
բնանկարի տանձենու նման…

Թող պարի ճերմակ երջանկությունը
ամենավերջին գրքի էջի հետ,
որ զգեստափոխված կարոտի նման
մեկ-մեկ թակում էր վրձնած ապակին…
…համր կտավի կիսադեմի պես
փայտե աթոռ էր… փայտե ճռճռոց… իսկ նկարի մեջ
ինչ-որ ձիեր են խրխնջում վայրի… ինչ-որ նռներ են
թափվում ճյուղերի կանաչ աչքերի բիբերի միջից…
…կարմիր ու կանաչ գույներ են թափվում
թափանցիկ, երկար գավաթների մեջ…
հոգնած աչքերն են կապտած գիշերվա
թղթերից կաթում…
սևացած ճերմակ երջանկությունը
թող պարի վերջին գրքի էջի հետ,
որ արնոտ կարմիր ափերի միջից
դրախտի չորրորդ նրբանցքում ապրող
վրձնած ժպիտն է` փակված աչքերով…
…ուշացած կարոտ` զգեստափոխված նկարի համար…
ամենավերջին գրքի էջի մեջ…


*
…փշաքաղված մի արցունք հիմա կպոկվի…
…դողացող ձեռքը կգոռա…
…ասեղը կծակի ձեռքը… ու արցունքները կլռեն…
կապույտ վարագույրի տակից
կնշմարվեն մատնահատքերդ…
սպիտակը կկաթկթա ուռենու ճյուղերին…
կապույտը կխտանա օդում
բարակ մի ձայն կօրորվի ու մթնալույսը
կհամբուրի լուսնոտի պաղ շուրթերը
ես կփորձեմ ժպտալ իսկ հետո
կգոռամ…
կոկորդում կկանգնի մի բառ 
ժպիտը կպարի ուրիշի համար
նուրբ շատ նուրբ շնչառությունը կդադարի…
մեղքը անմեղ հագուստով
ծաղիկները փաթեթավորված պաստառի յոթերորդ շերտիկով…
պարը չձայնագրված պարը
ու փշաքաղված կարոտը փշրված հայելու
փշուրների մեջ պտտվող բառի պես…
հարցականի պես ձգվող ճանապարհը
երակի պես ցավոտ…
…թիկունքից արձագանքված վախը…
ձայն…
փակված աչքեր…
ձեռքեր… կաթնագույն մատնահետքեր լուսնոտի
աչքերում…
<<տառապանք>> բառը չորանում է լվացքի
պարանին… անձրևի ժամանակ…







No hay comentarios:

Publicar un comentario en la entrada